Մարդկության զարգացման պատմությունը ցույց է տալիս, որ դարեր շարունակ մարդը ձգտել է ճանաչել բնությունը, առավել խոր գիտելիքներ ձեռք բերել բնության մարմինների և երևույթների մասին: Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր եղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոնցից են դիտումը, փորձը և չափումները:
Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկությունները: Դիտումները մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։
Բնության երևույթներն ուսումնասիրում են գիտնականները: Սակայն մի շարք երևույթներ կարող եք ուսումնասիրել նաև դուք՝ կատարելով պարզագույն դիտումներ: Դիտման միջոցով կարող եք պարզել, որ մարմինները տաքանալիս ընդարձակվում են, որ տարբեր նյութեր տարբեր չափով են ջերմություն հաղորդում, որ բույսերն առանց ջրի չորանում են, որ գետերը սովորաբար վարարում են գարնանը և այլն:
Բնության մասին ավելի խոր գիտելիքներ կարելի է ձեռք բերել փորձերի միջոցով: Փորձի ընթացքում հետազոտողը ոչ միայն պարզապես դիտում է ուսումնասիրվող երևույթը, այլև կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք: Առավել հավաստի տեղեկություններ ստանալու համար փորձերը կրկնվում են մի քանի անգամ:
Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք պարզել, թե որ ջերմաստիճանում է եռում ջուրը, ուսուցչի օգնությամբ կարող եք կատարել հետևյալ փորձը: Անոթի մեջ լցրեք ջուր և սկսեք տաքացնել: Փորձի ընթացքում հետևեք ջրի մեջ իջեցված ջերմաչափի ցուցմունքին։
Երբ ջուրը սկսի եռալ, գրանցեք ջերմաչափի ցուցմունքը: Դա կլինի ջրի եռման ջերմաստիճանը: Ձեր մեջ կարող է հարց առաջանալ՝ իսկ գուցե ավելի փոքր քանակությամբ ջուրն ավելի ցա՞ծր ջերմաստիճանում է եռում: Ձեր այդ ենթադրությունը դարձյալ կարող եք ստուգել փորձով: Կպարզվի, որ ջրի եռման ջերմաստիճանը կախված չէ ջրի քանակից: Ինչ քանակությամբ ջուր էլ վերցնեք, կեռա միևնույն ջերմաստիճանում:
Փորձերի միջոցով ուսումնասիրում են ոչ միայն անկենդան, այլև՝ կենդանի մարմինների հատկությունները: Օրինակ՝ փորձերով կարելի է պարզել որոշ նյութերի օգտակար ազդեցությունը բույսերի աճի վրա կամ ստուգել սննդում թունավոր նյութերի առկայությունը և դրանց վնասակար ազդեցությունը մարդու առողջության վրա:
Դիտումները և փորձերը լրացվում են չափումներով և քանակական հաշվարկներով: Ոչ մի լուրջ հետազոտություն չի իրականացվում առանց չափումների: Դուք արդեն ծանոթ եք, թե ինչպես են չափում հեռավորությունը, մարմնի զանգվածը, ժամանակը: Չափման շնորհիվ որոշվում է չափվող մեծության թվային արժեքը՝ համապատասխան միավորով արտահայտված, օրինակ՝ երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաններով, զանգվածը՝ կիլոգրամներով և այլն:
Հարցեր և առաջադրանքներ
- Որո՞նք են բնության ուսումնասիրման եղանակները: Ուսումնասիրման եղանակներն են դիտումը ,փորձը և չափումները։
- Ի՞նչ է դիտումը, բերեք օրինակներ: Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկությունները: Դիտումները մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։Դիտման միջոցով կարող եք պարզել, որ մարմինները տաքանալիս ընդարձակվում են, որ տարբեր նյութեր տարբեր չափով են ջերմություն հաղորդում, որ բույսերն առանց ջրի չորանում են, որ գետերը սովորաբար վարարում են գարնանը և այլն:
- Ինչո՞վ է փորձը տարբերվում դիտումից: Փորձի ընթացքում հետազոտողը ոչ միայն պարզապես դիտում է ուսումնասիրվող երևույթը, այլև կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք: Առավել հավաստի տեղեկություններ ստանալու համար փորձերը կրկնվում են մի քանի անգամ:
- Նկարագրեք որևէ փորձ։ Անոթի մեջ լցրեք ջուր և սկսեք տաքացնել: Փորձի ընթացքում հետևեք ջրի մեջ իջեցված ջերմաչափի ցուցմունքին։
Երբ ջուրը սկսի եռալ, գրանցեք ջերմաչափի ցուցմունքը: Դա կլինի ջրի եռման ջերմաստիճանը:Ջրի եռման ջերմաստիճանը կախված չէ ջրի քանակից: Ինչ քանակությամբ ջուր էլ վերցնեք, կեռա միևնույն ջերմաստիճանում: - Թվարկեք երկարության, ժամանակի, զանգվածի չափման միավորները: Երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաններով, զանգվածը՝ կիլոգրամներով։