Փեսացու մուկը

Փեսացու մուկը
Մաս 1

                                                                                                       Աթաբեկ Խնկոյան

Մուկը ուզեց
Ամուսնանալ
Եվ հզորին
Փեսա դառնալ։
Նրան ասին,
Որ աշխարհում
Արեգակն է
Սիայն հզոր։
Մուկը տեղից
Վեր է կենում,
Իրեն կոկում
Ու փառավոր
Գարնան մի օր,
Ջերմ առավոտ
Ուղիղ գնում
Արևի մոտ։
Գնում, ասում.
— Բարև, բարև,
էս աշխարհի հզոր արև՛.
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ։
— Ես որտեղի
Հզորն եմ որ…
Տե՛ս էն ամպն է
Ինձնից հզոր,
Մին էլ տեսար
Արագ, արագ,
Կտավի պես
Երկար-բարակ
Տարածվում է,
Կապուտակում,
Վարագույրով
Դեմքս ծածկում, —
Արեգակը
Մկանն ասավ։

Մուկը վազեց
Ամպին հասավ.
Այ, հզոր ամպ,
Բարև, բարև.
Ու՞ր ես գնում
Վերև, վերև։
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ
Անեմ հարսիկ։
-Ես որտեղի՞
Հզորն եմ որ…
Այ, քամին է
Ինձնից հզոր։
Որ բարկացավ,
Էլ գութ չունի,
Ուր ուզենա՝
Ինձ կտանի։
Նա ինձ կանի
Փաթիլ-փաթիլ,
Ու կքամի
Կաթիլ-կաթիլ։

Մուկը վազեց
Հասավ քամուն.
-Քամի՛, ասավ,
Հզոր ես դուն։
Ամպին կանես
Փաթիլ-փաթիլ
Ու կքամես
Կաթիլ-կաթիլ։
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ
Անեմ հարսիկ։
— Ե՞ս եմ հզոր…
Երանի՜ քեզ.
Չէ՛, չէ՛, մկնիկ,
Դու խաբվել ես։
Զորեղ տեսնես
Դու սև գոմշին,
Կուզեմ պոկեմ,
Բերեմ կաշին,
Բայց որտեղի՞ց…
Ինչի՞ տեր եմ,
Որ ուզածս
Պոկեմ, բերեմ։

Մաս 2

Մուկը դիմեց
Գոմշին արտում՝
Լուծ քաշելիս,
Հոգնած, տրտում.
-Գոմե՛շ,-ասավ,-
Դու հզոր ես,
Ուժի տեր ես,
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ տանեմ,
Անեմ հարսիկ։
-Ե՞ս եմ հզոր
Եվ ուժի տե՞ր…
Որ էդպես է,
Բա էս անտեր
Գութանն ի՞նչ է
Ինձ չարչարում
Ու իմ ուսին
Ցավ պատճառում։
Գոմշին թողեց,
Վազեց գնաց.

-Հզոր գութան,-
Ասավ,- մի կաց…
Օրոր, շորոր
Արտ ես վարում,
Հողում խոր-խոր
Ակոս շարում,
Քանի՜- քանի՜
Լուծ ու լծկան
Ճիպոտի տակ
Քեզ քաշող կան։
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ։
-Ուժիս գովքը
Այլ կերպ կտան.
Հզորն ո՞վ է,
Էն էլ գութա՞ն…
Որ հզոր եմ,
Ինչո՞ւ համար
Հողի միջին
Մութ ու խավար՝
Ինձնից ուժեղ
Արմատ ու սեզ
Ինձ ջարդում են
Ուզածի պես։

-Արմա՛տ, արմա՛տ,
Հզոր արմատ,-
Ասավ փեսա
Մուկը մի մատ։
Դու շատ զոռ ես,
Դու հզոր ես,
Հզոր գութան
Դու կկոտրես։
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ տանեմ,
Անեմ հարսիկ։
-Արմատը՝ ո՞վ,
Հզորը՝ ո՞վ,
Վեր կաց գնա
Դու մկան քով,
Ա՛յ ձեր ցեղը
Շատ հզոր է,
Գետնի միջին
Բուն կփորե,
Կորոնե
Սեզ ու արմատ,
Կուտե, կուտե
Մեկ-մեկ, հատ-հատ։

Մուկը վազեց
Մկնուհու մոտ.
-Նանի՛ ,-ասավ,-
Մեր հին ծանոթ,
Ա՛յ, արմատը
Խոսքիս վկա,
Քեզնից հզոր
Չկա՛, չկա՛,
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Շեկլիկ մազիկ,
Տո՛ւր ինձ՝ տանեմ.
Անեմ հարսիկ։
— Բարով, մկնի՛կ,
Բարով տեսա,
Ես քեզ զոքանչ,
Դու ինձ փեսա։
Իմ դստրիկս
Հեզիկ-նազիկ,
Շեկլիկ-մեկլիկ
Շեկլիկ մազիկ,
Կտամ ես քեզ,
Արա հարսիկ։

Մուկը մկան
Առավ փեսա.
էս աշխարհի
Օրենքն է սա։

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Ստեղծագործության հերոս մկան անունը գրված չէ, դու հորինի՛ր:
  3. Դուրս գրի՛ր  ստեղծագործության բոլոր հերոսներին:
  4. Քո կարծիքով աշխարհում ամենահզորն ի՞նչն է: Փորձի՛ր այդ հզորի մասին պատմել:
  5. Այս ստեղծագործության մկանը մի քանի խորհուրդ տո՛ւր:
  6. Ստեղծագործությունից առանձնացրո՛ւ ի՞նչ և ինչպիսի՞ հարցերին պատասխանող 10-ական բառ և մուտքագրի՛ր համապատասխան սյունակում:
Ի՞նչ Ինչպիսի՞
Մուկ Հզոր
Արև Կոկիկ
Անձրև Հեզիկ
Քար Նազիկ
Գութան շեկլիկ
Քամի երկար
Ամպ բարակ
արմատ արագ
Գոմեշ փափկամազիկ
Կաթիլ Ոսկեմազիկ

 

 

  1. Նշված բառերի հականիշ բառերը գրի՛ր:

Հզոր -թույլ

Արագ – դանդաղ

Երկար –կարճ

Բարակ – երկար

Վերև -ներքև

Մութ – լույս

Հին –նոր

  1. Կազմի՛ր տրված բառերի հոգնակին:

Փեսա –փեսաներ

Հարսիկ – հարսիկներ

Ծանոթ – ծանոթներ

Արմատ – արմատներ

Գութան –գութաններ

Արտ –արտեր

Ամպ – անպեր

Հող –հողեր

Մուկ –մկներ

Մատ -մատներ

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով