Ագռավն ու աղվեսը

Աթաբեկ Խնկոյան

Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Նշի՛ր առակի ամենատխուր հատվածը:
  3. Բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսներին:
  4. Փորձի՛ր արդարացնել աղվեսին:
  5. Առակը համառոտ պատմի՛ր և նկարի՛ր:

 

1․կուռն ու ճուռը-ձեռքն ու ոտքը

Մախմուր-թավիշ

Ագի-պոչ

Խաս, ղումաշ ատլս-մետաքսե նուրբ գործվածքներ

Ազի-մայրիկ

Ըռխել-բերանն առնել, ռեխը վերցնել

2․Պանիրն ընկավ ծառիցը ցած ,

Շողոքորթը ըռխեց,գնաց։

3․Աղվես-շողոքորթ,կեղծավոր

Ագռավ-միամիտ

 

4․Աղվեսը շատ էր սիրում պանիր։

5․Մի մեծ ագռավ մի գունդ պանիր է գտնում։Ագռավը ծառին է թառում։Աղվեսը ծառի կողքով անցնում էր  և պանրի հոտից կանգնեց ։Սկսեց ագռավին  գեղեցիկ բառեր ասել։Այնքան գեղեցիկ խոսքեր ասեց ,որ ագռավը գովեստներից շշմած կռռաց և պանիրը ընկավ;Աղվեսը պանիրը վերցրեց և գնաց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով